Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Հայկական բանկերը, որոնք ունեն ներգրավումներ դրսից, կհայտնվեն ծանր վիճակում»

«Հայկական բանկերը, որոնք ունեն ներգրավումներ դրսից, կհայտնվեն ծանր վիճակում»
19.09.2008 | 00:00

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Այս շաբաթը մեկնարկեց՝ ազդարարելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին։ ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկը՝ Lehman Brothers Holdings-ը, հաստատեց, որ այլևս անվճարունակ է։ Թեև ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում էր խոշոր ֆինանսական ներարկումներով կարգավորել և հաղթահարել արդեն երկրորդ տարին շարունակվող ճգնաժամը, սակայն ամերիկյան երկու խոշորագույն բանկերի՝ Lehman Brothers-ի և Merrill Lynch-ի սնանկացումը ցույց տվեց, որ դա առայժմ չի հաջողվում։ ԱՄՆ-ում սկսված տնտեսական ճգնաժամը շղթայական ռեակցիայով տեղափոխվեց Եվրոպա, ապա՝ Ռուսաստան։ Եվրոպայում մի քանի ընկերություններ հայտարարեցին, որ չեն կարող կատարել իրենց պարտավորությունները։ Այստեղ միաձուլվեցին մի քանի խոշորագույն բանկեր։ Ամբողջ աշխարհում անկում են ապրում բորսայական ցուցիչները, բանկերի և այլ խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի շուկայական արժեքները, դադարեցվում են աճուրդները բորսաներում։ ՌԴ ֆոնդային բորսայում գործարքները սեպտեմբերի 17-ին երկու անգամ 30 րոպեով դադարեցվել են։ Դա ֆինանսական շուկայում կոչվում է սառեցման ժամանակահատված։ Երբ ցուցիչներն իջնում կամ բարձրանում են 5%-ով (ինչը բացասական երևույթ է ֆինանսական շուկայի համար), ապա կես ժամով բորսայական առևտուրը դադարեցվում է։ Երկուշաբթի 3 խոշորագույն ռուսական բանկեր չեն կարողացել կատարել իրենց պարտավորությունները։ Սակայն ՌԴ ֆինանսների նախարարը հավաստիացրել է, որ Ռուսաստանը կուտակել է բավականին շատ ակտիվներ և պատրաստ է վերահսկելու իրացվելիությունը բանկային համակարգում: «Խնայբանկին» ՌԴ կառավարությունը հատկացրել է 709 մլրդ ռուբլի, ՎՏԲ-ին` մոտ 300 մլրդ, «Գազպրոմբանկին»` 109 մլրդ ռուբլի և հավաստիացրել, որ նման հատկացումները շարունակական են լինելու, այսինքն` ՌԴ կառավարությունն այդ 3 պետական բանկերի միջոցով իրականացնելու է իրացվելիության պահպանում:
Միջազգային և ռուսական շուկաներում ստեղծված իրավիճակն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի շուկայի վրա: Հարցին պատասխանում է «Արարատ բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ։
-Հայաստանի տնտեսությունը մեծապես կապված է Ռուսաստանի և այնտեղ զարգացող իրադարձությունների հետ։ Եթե դիտենք Հայաստան մուտք գործող դրամական փոխանցումների կառուցվածքը, ապա կտեսնենք, որ դրսից փոխանցումների մեծ մասը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։ Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե իրավիճակն ինչպես է զարգանալու միջազգային շուկայում։ Բնականաբար, այն հայկական բանկերը, որոնք ունեն ներգրավումներ դրսից, կհայտնվեն ծանր վիճակում. այդ ներգրավումները կդրվեն հարցականի տակ։ Ավելի դժվար են սկսելու գումարներ բերել դրսից։ Այստեղ մեծ է ՀՀ կենտրոնական բանկի դերը։ ԿԲ-ն լավ ծանոթ է ճգնաժամային խնդիրներին, և հուսով եմ, որ հաջողությամբ կիրականացնի այս շոկային կառավարումը։ Շոկային կառավարում ասելով՝ նկատի ունեմ հայկական բանկերն իրացվելի պահելը։ Այստեղ միակ վտանգը, որ կա, գնաճն է, որն իրացվելիության բարձր պահպանման դեպքում դժվար է լինելու վերահսկել։ Նշեմ, որ գնաճն այս տարի բոլոր տնտեսությունների թիվ մեկ խնդիրն է։ ՈՒկրաինայում, օրինակ, գնաճը հասել է 26%-ի։ ԱՄՆ-ում, տարբեր գնահատականներով, այն կազմել է 6-12 տոկոս։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 10127

Մեկնաբանություններ